Ի՞նչպես է կատարվում վերակազմակերպումը
Իրավաբանական անձի վերակազմակերպումը կատարվում է միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերակազմավորման միջոցով:
Միաձուլման դեպքում երկու կամ ավելի իրավաբանական անձինք միանում են՝ ստեղծելով նոր իրավաբանական անձ, որն էլ հանդես է գալիս որպես միաձուլվող իրավաբանական անձանց իրավահաջորդ:
Միացման դեպքում մեկ իրավաբանական անձը պահպանում է իր գոյությունը և նրան են միանում մեկ կամ մի քանի իրավաբանական անձինք, որոնց գոյությունը դադարում է, իսկ պահպանվող իրավաբանական անձը հանդես է գալիս որպես միացող իրավաբանական անձանց իրավահաջորդ:
Բաժանման դեպքում մեկ իրավաբանական անձը տրոհվում է երկու կամ ավելի իրավաբանական անձանց, արդյունքում դադարում է իրավաբանական անձի գոյությունը և ստեղծվում են այլ իրավաբանական անձինք, որոնց միջև բաշխվում է բաժանվող իրավաբանական անձի գույքը:
Առանձնացման դեպքում իրավաբանական անձը պահպանում է իր գոյությունը, սակայն նրանից առանձնանում են մեկ կամ մի քանի իրավաբանական անձինք: Առանձնացող իրավաբանական անձին կարող է տրամադրվել գույք և դրան համապատասխան վերջինիս վրա կարող են դրվել պարտավորություններ:
Վերակազմավորման արդյունքում իրավաբանական անձը վերակազմավորվում է մեկ այլ իրավաբանական անձի և վերջինս հանդես է գալիս որպես նախորդի իրավահաջորդ: Վերակազմավորման դեպքում տեղի է ունենում իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևի փոփոխում:
Ո՞ր մարմինն է կատարում վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում
Իրավաբանական անձի վերակազմավորմամբ պայմանավորված պետական գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից, բացառությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքերի (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, պայմանագրային ներդրումային ֆոնդեր և այլն):
Ի՞նչն է հիմք հանդիսանում իրավաբանական անձի վերակազմակերպման համար
Իրավաբանական անձի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա:
Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի բաժանման կամ նրա կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպումն իրականացվում է դատարանի վճռով:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ միաձուլման դեպքում
Միաձուլվող իրավաբանական անձը ներկայացնում է պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր, e-payments.am էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կատարված վճարում և այլն):
Միաձուլման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
- իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
- ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա,
- միաձուլվող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
- փոխանցման ակտերը,
- միաձուլման պայմանագիրը,
- առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց (հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ և այլն) վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:
Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում միացման դեպքում
Միացող իրավաբանական անձը (անձինք) ներկայացնում է (են) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Միացման արդյունքում ընդլայնվող իրավաբանական անձը ներկայացնում է`
- կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
- փոխանցման ակտ(եր)ը,
- միացման պայմանագիրը (պայմանագրերը),
- միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,
- միացող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում բաժանման դեպքում
Բաժանվող իրավաբանական անձը (անձինք) ներկայացնում է (են) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Բաժանման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է՝
- իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
- ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,
- բաժանվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
- առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց (հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ և այլն) վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առանձնացման դեպքում
Առանձնացող իրավաբանական անձը ներկայացնում է`
- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,
- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
- իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
- ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
- առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,
- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը:
Ինչ փաստաթղթեր են ներկայացվում վերակազմավորման դեպքում`
Վերակազմավորվող իրավաբանական անձը ներկայացնում է պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
Վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
- իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
- ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
- առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,
- վերակազմավորվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը,
- փոխանցման ակտը:
Ի՞նչ կարգով է ներկայացվում վերակազմակերպման դիմումը
Իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման մասին դիմումը կազմվում է տեղում Գործակալության աշխատակցի կողմից՝ վերջինիս ներկայացված համապատասխան փաստաթղթերի և տեղեկություների հիման վրա: Պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմողը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ ներկայացուցչի միջոցով: Եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել համացանցի օգնությամբ՝https://www.e-register.am պաշտոնական կայքի միջոցով:
Ի՞նչ կարգով է կատարվում վերակազմակերպման գրանցումը
Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առկա չեն պետական գրանցումը մերժելու հիմքեր, գործակալությունը, սահմանված կարգով, պետք է կատարի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում(ներ)ը: Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել վերակազմակերպումների պետական գրանցման այլ ժամկետներ:
Վերակազմակերպումը կատարված է համարվում գրանցամատյանում վերակազմակերպման արդյունքում ստեղծվող և գործունեությունը դադարեցնող կազմակերպությունների վերաբերյալ համապատասխան գրառումները կատարելու պահից:
Որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը
Վերակազմակերպման պետական գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝
- պետական ռեգիuտրում գրանցման ենթակա առևտրային կազմակերպությունների վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման համար 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝ 900005160719.
-պետական ռեգիuտրում գրանցման ենթակա ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման համար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ, որը փոխանցվում է 900005160727 հաշվեհամարին.
-հիմնարկների վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման դեպքում՝ 5 000 (հինգ հազար) ՀՀ դրամ, որը փոխանցվում է 900005160743 հաշվեհամարին:
Ո՞ր դեպքում է պետական գրանցումը մերժվում
Իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման մերժման հիմքերն են`
ա) օրենքով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի ամբողջական չլինելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, ընդ որում, առևտրային իրավաբանական անձի կանոնադրության դրույթների համապատասխանությունը օրենքին չի ստուգվում.
բ) խախտված է իրավաբանական անձանց վերակազմակերպման օրենքով սահմանված կարգը.
գ) վերակազմակերպման համար ներկայացված կանոնադրությունում, պայմանագրում, փոխանցման ակտում կամ բաժանիչ հաշվեկշռում բացակայում են վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների իրավահաջորդության մասին, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դրույթներ:
Ի՞նչ կարգով է կատարվում պետական գրանցում կատարող մարմնի գործողությունների (անգործության) բողոքարկումը
Վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումը մերժելը, պետական գրանցում կատարելուց խուսափելը, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրելուց խուսափելը վերադասության կարգով կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարան: