ՔԿԱԳ ծառայություններ
Անվան փոխման պետական գրանցման հիմքը․
- Տասնութ տարին լրացած անձն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը:
- Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձն իր անվան և (կամ) ազգանվան փոխման պետական գրանցումը կատարում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ, բացառությամբ նրա՝ օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի:
- Տասնվեց տարին չլրացած անձի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է ծնողների համատեղ (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) դիմումի հիման վրա, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ:
Անվան փոխման պետական գրանցման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը․
- Անվան փոխման պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝
1) ծնունդը գրանցվել կամ սույն օրենքով սահմանված կարգով վերականգնվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում.
2) ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, և Հայաստանի Հանրապետությունն իրավասու է կատարելու անվան փոխում՝ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:
- Տասնութ տարին լրացած անձի անվան փոխման պետական գրանցման դիմումին կից ներկայացվում են՝
1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.
2) ծննդյան մասին վկայականը կամ ծննդյան ակտային գրանցման մասին տվյալները:
- Տասնութ տարին լրացած անձի անվան փոխման մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.
1) դիմողի անձնագրային տվյալները.
2) անունը փոխող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ընտանեկան դրությունը, ազգությունը՝ դիմողի ցանկությամբ.
3) անունը փոխող անձի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ակտային գրանցման վայրը և ժամանակը.
4) անունը փոխել ցանկացող անձի ընտրած նոր անունը և (կամ) հայրանունը և (կամ) ազգանունը.
5) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
- Տասնվեցից տասնութ տարին լրացած անձի անվան և (կամ) ազգանվան պետական գրանցման համար դիմումին կից ներկայացվում են՝
1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.
2) անունը փոխող անձի անձը հաստատող փաստաթուղթը.
3) անունը փոխող անձի ծննդյան մասին վկայականը կամ ծննդյան ակտային գրանցման մասին տվյալները.
4) անունը փոխող անձի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդի ակտային գրանցման վայրը և ժամանակը.
5) անունը փոխել ցանկացող անձի ծնողի (ծնողների), (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագրային տվյալները.
6) անունը փոխող անձի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի, հոգաբարձուի) գրավոր համաձայնությունը՝ երեխայի անունը և (կամ) ազգանունը փոխելու վերաբերյալ.
7) անունը փոխող անձի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի) անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները), իսկ ծնողներից մեկի մահացած լինելու կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության դեպքում՝ նաև դատարանի վճռի պատճենը կամ մահվան վկայականը կամ մահվան ակտային գրանցման տվյալները:
- Տասնվեցից տասնութ տարին լրացած անձի անվան փոխման մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.
1) դիմողի անձնագրային տվյալները.
2) անունը փոխող անձի անձը հաստատող փաստաթուղթը.
3) անունը փոխող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ընտանեկան դրությունը, ազգությունը՝ դիմողի ցանկությամբ.
4) անունը փոխող անձի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդի ակտային գրանցման վայրը և ժամանակը.
5) անունը փոխել ցանկացող անձի ընտրած նոր անունը և (կամ) ազգանունը:
- Տասնվեց տարին չլրացած երեխայի անվան և (կամ) ազգանվան փոխման պետական գրանցման համար դիմումին կից ներկայացվում են՝
1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.
2) երեխայի ծննդյան պետական վկայականը կամ ծննդյան ակտային գրանցման տվյալները.
3) երեխայի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի) անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները), իսկ ծնողներից մեկի մահացած լինելու կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության դեպքում նաև դատարանի վճռի պատճենը կամ մահվան վկայականը.
4) երեխայի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի) գրավոր համաձայնությունը՝ երեխայի անունը և (կամ) ազգանունը փոխելու վերաբերյալ.
5) տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը՝ իր անվան և (կամ) ազգանվան փոխման վերաբերյալ:
- Տասնվեց տարին չլրացած անձի անվան և (կամ) ազգանվան փոխման մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.
1) դիմողի անձնագրային տվյալները.
2) անունը փոխող երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, անձնագրային տվյալները՝ առկայության դեպքում, ազգությունը՝ դիմողի ցանկությամբ.
3) երեխայի ծնողի (ծնողների), (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագրային տվյալները.
4) երեխայի համար ընտրած նոր անունը և (կամ) ազգանունը.
5) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
- Երեխայի անվան փոխման պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաև ներկայացվում են համապատասխան անձանց կողմից երեխայի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին գրավոր համաձայնությունները՝ հաստատված նոտարական կարգով:
- Լիազորված անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում դիմումին կից ներկայացվում են նաև լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորագիրը:
Անվան փոխման պետական գրանցումը կարգը․
- Անվան փոխումը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցում է գործակալությունը, իսկ օտարերկրյա պետության տարածքում կարող է գրանցել դիվանագիտական ծառայության մարմինը՝ անվան փոխման մասին ակտային գրանցում կատարելու միջոցով:
- Անվան փոխման պետական գրանցումը կատարվում է փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
- Անվան փոխման պետական գրանցումը հիմք է անունը փոխած անձի նկատմամբ նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտերում սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ կատարելու համար:
- Եթե այլ քաղաքացիական կացության ակտային գրանցումներում, որտեղ անվան փոխման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություն կատարել, առկա է անունը փոխող անձի վերաբերյալ գրառված տեղեկությունների անհամապատասխանություն, ապա նման անհամապատասխանությունները մինչև անվան փոխման պետական գրանցումը պետք է վերացվեն սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու միջոցով:
- Անվան փոխման պետական գրանցումից հետո նույն աշխատանքային օրը հաղորդվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն, ինչպես նաև անունը փոխած անձի բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:
- Անվան փոխման պետական գրանցման մասին այլ մարմիններ կամ կազմակերպություններ հաղորդում կատարելու կարգը և պայմանները, ինչպես նաև այդ մարմինների կամ կազմակերպությունների ցանկը սահմանում է նախարարը:
- Անվան փոխման պետական գրանցումից հետո նույն աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է անձի անվան փոխման վերաբերյալ տեղեկատվությունը:
Անվան փոխման պետական գրանցում կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը։
Որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը․
- Ազգանվան, անվան և հայրանվան փոխման համար, ներառյալ` վկայական տալու համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի երեսնապատիկի ՝ 30 000․00 ՀՀ դրամի չափով։
Լրացուցիչ ծառայության դիմաց գանձվող վճարի չափը՝
Անվան (անուն, ազգանուն, հայրանուն) փոփոխումն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում՝ երկրորդ աշխատանքային օրը – 30 000.00 ՀՀ դրամ, հինգերորդ աշխատանքային օրը – 20 000.00 ՀՀ դրամ, յոթերորդ աշխատանքային օրը – 10 000.00 ՀՀ դրամ։