ՔԿԱԳ ծառայություններ

Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակի տրամադրման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը

  1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակ (այսուհետ՝ վկայականի կրկնօրինակ) ստանալու համար կարող է (են) դիմել՝

1) այն անձը, որի վերաբերյալ կատարվել է տվյալ քաղաքացիական կացության ակտի գրառումը.

2) շահագրգիռ անձը՝ մահացած անձի մահվան պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակ ստանալու դեպքում.

3) ծնողները (օրինական ներկայացուցիչները) կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը, եթե անձը, որի վերաբերյալ կատարվել է քաղաքացիական կացության ակտային գրանցումը, վկայականի կրկնօրինակի տրման օրը անգործունակ է.

4) այլ անձ, եթե նա քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու իրավունք ունեցող անձի կողմից ներկայացնում է լիազորագիր, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում.

5) 16-18 տարին լրացած անձը՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, իր ծննդի մասին վկայականի կրկնօրինակի տրամադրման համար, անձամբ կամ լիազորած անձի միջոցով.

6) տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի պետական գրանցման մասին վկայականի տրամադրման համար՝ նրա ծնողները (օրինական ներկայացուցիչները) կամ նրա մշտական բնակության համայնքի ղեկավարը:

  1. Վկայականի կրկնօրինակի տրամադրման համար դիմումին կից ներկայացնում են՝

1) անձը հաստատող փաստաթուղթը.

2) անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթը կամ դրա պատճենը՝ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ և անձը հաստատող փաստաթղթում անձնական տվյալների անհամապատասխանության առկայության դեպքում:

Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում անձնական տվյալներում առանձին տառերի, թվերի, բացառությամբ տարեթվի անհամապատասխանության դեպքում:

Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում նաև այն դեպքում, երբ անձնական տվյալների փոփոխությունների մասին տեղեկություններն առկա են էլեկտրոնային կառավարման համակարգում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և միասնական էլեկտրոնային գրանցամատյանի՝ անձի վերաբերյալ միասնական քաղվածքում.

3) հասարակ լիազորագիրը և լիազորող անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ լիազորած անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում.

4) խնամակալության կամ հոգաբարձության նշանակման մասին որոշումը կամ դրա պատճենը՝ խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի վերաբերյալ գրանցված քաղաքացիական կացության ակտի վկայականի կրկնօրինակի տրամադրման վերաբերյալ դիմումի դեպքում.

5) համայնքի ղեկավարի հայտարարությունն առ այն, որ տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձը տվյալ համայնքի մշտական բնակիչն է՝ սույն օրենքով սահմանված դեպքում:

 Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը

  1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանք (այսուհետ՝ տեղեկանք) տրամադրելու համար դիմում կարող են ներկայացնել՝

1) 16-18 տարին լրացած անձը՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում՝ իր ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար անձամբ կամ լիազորած անձի միջոցով.

2) տասնութ տարին լրացած անձը՝ իր վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքի տրամադրման համար.

3) շահագրգիռ անձը՝ մահացած անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտի մասին տեղեկանքի տրամադրման համար.

4) որդեգրողը կամ որդեգրողների մահվան դեպքում որդեգրվածը՝ որդեգրման պետական գրանցման ակտի մասին տեղեկանքի տրամադրման համար.

5) ծնողները (օրինական ներկայացուցիչները), խնամակալության և հոգաբարձության մարմինները՝ իրենց երեխաների կամ խնամակալության և հոգաբարձության ներքո գտնվող անձանց վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքի տրամադրման համար.

6) տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար կարող է դիմել նաև իր մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:

  1. Տեղեկանք տրամադրելու դիմում կարող է ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց կողմից լիազորված անձը: Տեղեկանք տրամադրելու դիմում ներկայացնելու համար տրված լիազորագիրը չի պահանջում նոտարական վավերացում:
  2. Տեղեկանք տրամադրելու համար դիմումին կից ներկայացվում են՝

1) անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը.

2) պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը․

3) անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթը կամ դրա պատճենը՝ քաղաքացիական կացության ակտում և անձը հաստատող փաստաթղթում անձնական տվյալների անհամապատասխանության առկայության դեպքում:

Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում անձնական տվյալներում առանձին տառերի, թվերի, բացառությամբ տարեթվի անհամապատասխանության դեպքում, այն դեպքում, երբ անձնական տվյալների փոփոխությունների մասին տեղեկություններն առկա են էլեկտրոնային կառավարման համակարգում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և միասնական էլեկտրոնային գրանցամատյանի՝ անձի վերաբերյալ միասնական քաղվածքում․

4) լիազորագիր, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում, և լիազորող անձի անձը հաստատող փաստաթուղթը՝ լիազորած անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում.

5) խնամակալության կամ հոգաբարձության նշանակման մասին որոշումը կամ դրա պատճենը՝ խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի վերաբերյալ գրանցված քաղաքացիական կացության ակտի վկայականի կրկնօրինակի դեպքում.

6) համայնքի ղեկավարի հայտարարությունն առ այն, որ տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձը տվյալ համայնքի մշտական բնակիչ է՝ տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար դիմելու դեպքում:

Պետական տուրքի դրույքաչափը

  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակը տալու համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի հնգապատիկի՝ 5 000․00 ՀՀ դրամի չափով։
  • Քաղաքացիական կացության ակտային գրանցման մասին տեղեկանքը ստանալու համար պետական տուրք նախատեսված չէ:

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ

 

 Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու հիմքը

  1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու հիմք է ոչնչացման կամ կորստի հետևանքով քաղաքացիական կացության ակտային գրանցման բացակայությունը քաղաքացիական կացության ակտային գրանցումների արխիվում:
  2. Քաղաքացիական կացության ակտային գրանցումների արխիվում ստուգումը կատարվում է դիմումում նշված քաղաքացիական կացության ակտի գրանցման ենթադրյալ վայրի գրանցամատյաններով ոչ ավելի, քան երեք տարվա կտրվածքով՝ այն տարվա համար, որը նշված է դիմումում, դրան նախորդող և հաջորդող մեկ տարվա շրջանակում:
  3. Քաղաքացիական կացության ակտային գրանցումները վերականգնվում են այն դեպքում, երբ առկա են հաստատող փաստաթղթեր այն մասին, որ համապատասխան քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը նախկինում կատարվել է:
  4. Օտարերկրյա պետությունում գրանցված քաղաքացիական կացության ակտերը կարող են վերականգնվել, եթե քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարած օտարերկրյա պետության հետ Հայաստանի Հանրապետությունը չունի ոլորտը կանոնակարգող բազմակողմ կամ երկկողմ պայմանագիր:
  5. Քաղաքացիական կացության ակտային գրանցման բացակայությունը հաստատվում է գործակալության արխիվի տված ակտային գրանցման բացակայության մասին սահմանված ձևի տեղեկանքով:

Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը

  1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման վերականգնման դիմում կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև անձինք, որոնց կորսված քաղաքացիական կացության ակտերը գրանցվել են Հայաստանի Հանրապետությունում:
  2. Քաղաքացիական կացության ակտերի վերականգնումը կատարվում է՝

1) այն անձի դիմումի հիման վրա, որի վերաբերյալ կազմվել էր կորսված քաղաքացիական կացության ակտը.

2) տասնութ տարին չլրացած անձի վերաբերյալ ակտային գրանցումը վերականգնվում է նրա ծնողի, օրինական ներկայացուցչի, ինչպես նաև այն անձանց և կազմակերպությունների դիմումների հիման վրա, որոնց խնամակալությանն է հանձնված երեխան.

3) շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, եթե կորսված քաղաքացիական կացության ակտը կազմվել էր՝

ա. մահացած անձի վերաբերյալ,

բ. դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա,

գ. «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած՝ իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի հիման վրա:

  1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու դիմում կարող է ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված տասնվեց տարին լրացած անձը:
  2. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

2) դիմումով ներկայացվող պահանջը հիմնավորող փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն տեղեկությունները, որոնց միջոցով հնարավոր է պարզել պահանջի հիմքերի առկայությունը (բժշկական հաստատություններից տրված տեղեկանքներ, զինվորական գրքույկ, աշխատանքային գրքույկ, կրթությանը վերաբերող փաստաթղթեր, ամուսնության, ամուսնալուծության, երեխաների, եղբայրների, քույրերի ծննդյան վկայականների պատճեններ, ինչպես նաև տեղեկանք՝ տրված աշխատանքի վայրից, կամ այլ փաստաթղթեր):

Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու կարգը

  1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելը կատարվում է դիմումին կից ներկայացվող սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում։
  2. Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կամ «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի հիման վրա քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելը կատարվում է եռօրյա ժամկետում:
  3. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելը հիմք է անձի նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:
  4. Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա կազմվում է քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին եզրակացություն: Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին եզրակացություն կազմելու կարգը սահմանում է նախարարը:
  5. Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին գործակալության եզրակացությունը հաստատում է գործակալության պետը:
  6. Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին պահանջը հիմնավորված լինելու մասին եզրակացությունը հաստատելուց հետո գործակալությունը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կատարում է քաղաքացիական կացության ակտի գրանցում՝ «Վերականգնված է» նշումով: Վերականգնված քաղաքացիական կացության ակտի մասին վկայականը սույն օրենքով սահմանված կարգով տրամադրվում է դիմողին:
  7. Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին պահանջը հիմնավորված չլինելու եզրակացությունը հաստատելուց հետո քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մերժման մասին կազմվում է որոշում, որը պետք է պարունակի մերժման բոլոր հիմքերը, ներկայացված փաստաթղթերում առկա և գրանցմանը խոչընդոտող բոլոր թերությունները, ինչպես նաև հղում կատարվի կոնկրետ իրավական նորմին, որը տրամադրվում է դիմողին՝ սույն օրենքով սահմանված կարգով:
  8. Քաղաքացիական կացության ակտի վերականգնում կատարելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում այդ մասին հաղորդվում է իրավասու մարմիններին:

Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը։

Պետական տուրքի դրույքաչափը

  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար, ներառյալ` վկայական տալու համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի հնգապատիկի՝ 5 000․00 ՀՀ դրամի չափով։

Լրացուցիչ ծառայության դիմաց գանձվող վճարի չափը՝

Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում՝ երկրորդ աշխատանքային օրը – 30 000.00 ՀՀ դրամ,  հինգերորդ աշխատանքային օրը – 20 000.00 ՀՀ դրամ, յոթերորդ աշխատանքային օրը – 10 000.00 ՀՀ դրամ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ

     Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու հիմքը

  1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերն են՝

1) հայտնաբերվել է միևնույն անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության երկու նույն տեսակի ակտային գրանցում.

2) քաղաքացիական կացության ակտային գրանցումը կատարվել է կեղծ փաստաթղթերի կամ սուտ տեղեկությունների հիման վրա.

3) կատարվել է այն անձի դիմումի հիման վրա, որը իրավասու չէր ներկայացնելու այլ անձի կամքի արտահայտությունը՝ լիազորագրի կամ էլեկտրոնային դիմումի շրջանակներում.

4) առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ:

 

 Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու դիմումը

  1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր է ճանաչվում առանց ժամկետային սահմանափակման՝

1) այն անձի դիմումի հիման վրա, որի վերաբերյալ կազմվել է քաղաքացիական կացության ակտը.

2) գործակալության նախաձեռնությամբ՝ էլեկտրոնային միասնական գրանցամատյանում նույն անձի վերաբերյալ նույն ակտային գրանցում հայտնաբերվելու դեպքում կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

  1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը.

1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

2) դիմումով ներկայացված պահանջը հիմնավորող փաստաթղթերը կամ անհրաժեշտ տեղեկությունները:

 

Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու կարգը

  1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու դիմումի հիման վրա հարուցվում է վարչական վարույթ, որն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
  2. Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր է ճանաչվում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը գործակալություն ներկայացնելու (ստանալու) նույն աշխատանքային օրը:
  3. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու որոշումն ստորագրում է գործակալության պետը:
  4. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռն ստանալուց հետո գործակալությունը էլեկտրոնային միասնական գրանցամատյանում անվավեր է ճանաչում գրանցված քաղաքացիական կացության ակտը՝ դրանում նշում կատարելու միջոցով:
  5. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր է ճանաչվում այդ քաղաքացիական կացության ակտը գրանցելու պահից:
  6. Անվավեր ճանաչված քաղաքացիական կացության ակտային գրանցման հիման վրա կատարված այլ քաղաքացիական կացության ակտային գրանցումները համարվում են ոչ իրավաչափ, և դրանց անվավեր ճանաչելու հարցը ենթակա է քննարկման հարուցված վարչական վարույթի շրջանակներում՝ առանց լրացուցիչ դիմումի:
  7. Անվավեր ճանաչված քաղաքացիական կացության ակտային գրանցման հիման վրա տրամադրված քաղաքացիական կացության ակտերի մասին բոլոր վկայականները և տեղեկանքները էլեկտրոնային կառավարման համակարգում չեղյալ են համարվում:

 

Պետական տուրքի դրույքաչափը

  • Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու համար պետական տուրք նախատեսված չէ: